16 հունվարի 2025 - 18:50 AMT
ՀՀ–ն ու Ադրբեջանը համաձայնեցրել են պետական սահմանի սահմանազատման նոր ուղղությունները

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել պետական սահմանի սահմանազատման աշխատանքների հաջորդ հատվածի վերաբերյալ՝ սկսելով սահմանագծի հյուսիսային հատվածից՝ ՀՀ, Ադրբեջանի ն և Վրաստանի սահմանների հատման կետից, և շարունակելով հարավային ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

«Հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: