ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, գտնվելով Բրյուսելում աշխատանքային այցով, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել։ Նա քննարկումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի պաշտպանության շտաբների պետերի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ է անցկացրել Ֆրանսիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ։
Հունաստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ հանդիպումներում ընդգծվել է պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Ասրյանը բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի բանակի վերափոխման և զարգացման գործում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Վրաստանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացման ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական վերափոխման հետ կապված առաջավոր փորձի փոխանակմանը։
Շվեդիայի ներկայացուցչի հետ, իր հերթին, շոշափվել է պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։
Նշվել է, որ այս հանդիպումները կարևոր են Հայաստանի զինված ուժերի զարգացման և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից։