Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։
Նա կարևորել է հարաբերությունները հարևանների հետ՝ նշելով, որ ռազմավարական գործընկերություն ունեն Հայաստանի հետ, հայտնում է APA-ն։
«Մեզ համար մեծ նշանակություն ունեն հարևան երկրների հետ հարաբերությունները։ Դրանք չափազանց կարևոր են։ Մենք նաև ռազմավարական գործընկերություն ունենք Հայաստանի հետ, ինչը ևս շատ կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կօգտագործի իր ամբողջ ներուժը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար»,- նշել է նախարարը։
Նախարարն ընդգծել է, որ Վրաստանի կառավարության առաջնահերթություններն են եվրոպական և եվրոատլանտյան կառույցների հետ ինտեգրումը։ Նա հավելել է, որ Վրաստանի իշխանությունը, որը ներկայացված է «Վրացական երազանք» կուսակցությամբ, հետևողականորեն իրականացնում է իր ծրագրային խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանում կայունությանը և հարևան երկրների հետ ռազմավարական կապերի պահպանմանը։
Բոչորիշվիլին հավելել է, որ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է։
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ՝ վերջնական նպատակի հասնելու համար։ Սա պահանջում է համատեղ աշխատանք թե ԵՄ-ի, թե Վրաստանի կողմից։»,–ասել է նա։
2024–ի հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։