17 հունվարի 2025 - 11:25 AMT
Ավինյանի հորը դատի են տվել․ Պահանջում են փոխհատուցում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Իսկանդարյանը դատարան է դիմել՝ 500,000 դրամ փոխհատուցում պահանջելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորից՝ Արմեն Ավինյանից Opel-ների վարորդների հասցեին վերջինիս արտահայտության համար։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Իսկանդարյանը կոչ է արել նման մեքենաների վարողներին ևս դիմել դատարան՝ նմանատիպ հայցերով։

«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500,000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»,–ասվում է գրառման մեջ։

Տիգրան Ավինյանն իր հոր պահվածքի համար ներողություն էր խնդրել՝ նշելով, որ վերջինս անթույլատրելի բառապաշար է օգտագործել՝ վիրավորելով Opel մեքենա վարող անձանց: