Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում կրկիան բողոքել է ՀՀ սահմանդրությունից ու «սպառազինումից»։
Նա ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգության և Ադրբեջան-Հայաստան հետկոնֆլիկտային իրավիճակի հարցերը:
Նա նշել է, թե «չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ուղղությամբ վերջին տարիների ընթացքում գրանցված զգալի առաջընթացին, առաջին դրական արդյունքներին սահմանների սահմանագծման գործընթացում, Հայաստանի սահմանադրությունում դեռ առկա են տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ», գրում է Minval.az-ը։
«Հայաստանում առկա ռևանշիստական միտումները, նրա վարած միլիտարիստական քաղաքականությունը և ՀՀ սահմանադրությունում պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի հանդեպ լուրջ կասկածներ են առաջացնում մեզ մոտ»,–ասել է նա։
Բայրամովն ասել է, թե Ադրբեջան-Վրաստան հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցությունը, «Հայաստանը, սակայն, նույն մոտեցումը չի ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ»։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։
Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։