17 հունվարի 2025 - 13:07 AMT
Աֆեյանը կոչ է արել կանխել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ անարդարությունը

Հայ հայտնի ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, անդրադառռնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում մեկնարկող շինծու դատավարությանը, հորդորել է զգոն լինել՝ կանխելու համար Վարդանյանի նկատմամբ անարդար որոշումները։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Խնդրում եմ, կարդացեք այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն լինենք և անենք ամեն հնարավորը՝ նպաստելու արդար դատավարության անցկացմանը և խուսափելու համար գրոտեսկային անարդարությունից»,–ասվում է գրառման մեջ։

Նա կիսվել է նաև Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ։

Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը հունվարի 16–ին տարածած իր ուղերձում հայտարարել է, որ ոչ մի ցուցմունք չի տվել և որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։ Նա նաև պնդել է իր անմեղությունն ու պահանջել դադարեցնել իր և մյուս հայերի նկատմամբ կիրառվող «քաղաքականացված գործը»։

Վարդանյանի գործով դատական նիստը նախատեսված է սկսել հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, Բաքվի դատարանում։

Հունվարի 17-ին Բաքվում նախատեսում են սկսել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունները։ Վարդանյանը մեղադրվում է 42 հոդվածով, որոնցից մի քանիսը նախատեսում են ընդհուպ ցմահ ազատազրկում։

Ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման արդյունքում գերեվարված 16 անձ։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ պաշտոնյաներ։ Բաքուն նրանց առաջադրել է ծանր մեղադրանքներ, ներառյալ ահաբեկչություն և ապօրինի զինված խմբավորումների կազմակերպում։