17 հունվարի 2025 - 13:46 AMT
Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի առջև` հայ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախյան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Հունվարի 17–ին Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների՝ Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությունը, որը, ըստ ակցիայի մասնակիցների, բնորոշվում է որպես բեմականացված շոու։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Այս ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինի պահվող մեր հայրենակիցների նկատմամբ խոշտանգումները դադարեցվեն, և նրանք վերադառնան իրենց տներ։ Առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը՝ ուշադրություն հրավիրելով գերիների հարցի վրա և միջազգային ճնշմամբ հասնել նրանց ազատ արձակմանը»։

Ստեփանյանը նաև ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի ուղերձը վերահաստատում է իրավապաշտպանների պնդումները:

«Սա որևէ կերպ չի կարող համարվել իրավական գործընթաց, և պահպանված չեն մարդու տարրական իրավունքները»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ինչ-որ քայլեր կձեռնարկի միայն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ու սփյուռքի կառույցները հստակ պահանջներ ձևակերպեն։

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանն իր խոսքում ավելացրել է. «Իշխանությունը պետք է լինի իր քաղաքացիների պաշտպանության առաջին պահանջատերը, բայց ցավոք սրտի, դա չենք տեսնում։ Եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, անհնար է ակնկալել արդարության պաշտպանություն այլ կողմերից»։

Նա նշել է. «Մենք ականատես ենք լինելու Ադրբեջանի հերթական բեմականացված շոուին։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը կոչ է բոլորիս՝ չտրվել ադրբեջանական կեղծիքներին»։

Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ապահովել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը և աջակցել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքների իրագործմանը։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակից շարժվել են դեպի ԱԳՆ՝ իրենց պահանջներն ուղղելու նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, իսկ դրանից հետո ակցիան շարունակվելու է ՀՀ կառավարության շենքի առջև։

Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։