17 հունվարի 2025 - 13:53 AMT
Աբրահամյան. ՀՀ–ն գնաց ևս մեկ զիջման՝ Տավուշի ուղղությամբ սահմանազատումը սկսելը Բաքվի շահն է

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի իշխանությունը հերթական զիջումն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո, քանի որ Տավուշի ուղղությամբ սահմանազատումը սկսելը հենց Ադրբեջանի շահերից է բխում:

Նա հավելել է, որ սա արդեն 3-րդ զիջումն է ՀՀ իշխանությունների կողմից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխությունն առավել կարճ ժամկետում իրականացնելու հավաստիացումից հետո, փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում:

Հայաստանի համար նպաստավոր և իրադրային առումով տրամաբանական մոտեցումն էր` սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում, իսկ Ադրբեջանը պնդում էր Տավուշի ուղղությունը, ինչի մասով հանգուցալուծման հասավ:

Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը»,–ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ըստ Աբրահամյանի՝ այս հարցում դեռևս չկա քաղաքական որևէ որոշում՝ փոխանակման կամ այլընտրանքային լուծման վերաբերյալ։

Նա նաև նախազգուշացրել է, որ եթե սահմանազատման ընթացքը ընդհատվի կամ բանակցությունները ձախողվեն, համաձայնեցված հատվածները չեն կարող վերադառնալ նախկին կետին։ Այս հանգամանքը, ըստ Աբրահամյանի, կարող է անդառնալի վնաս հասցնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։