17 հունվարի 2025 - 14:23 AMT
ԱՄՆ Պետդեպ․ «Վրացական երազանքի» մարտավարությունը երկիրը կտանի մեկուսացման

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ ԱՄՆ-ն «խստորեն դատապարտում է» խաղաղ քաղաքացիների հանդեպ կիրառված բռնությունները, այդ թվում՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի դեմ։ Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Մենք կտրականապես դատապարտում ենք Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների դեմ իրականացվող բռնությունները, ներառյալ՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ։ «Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարությունը երկիրը կտանի մեկուսացման», - գրել է Միլլերը X–ի միկրոբլոգում:

Հունվարի 14-ին Բաթումի «Շերատոն» հյուրանոցում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են ընդդիմադիր «Վրաստանը բոլորի համար» կուսակցության առաջնորդի, նախկին վարչապետ և ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի վրա։ Ինչպես հայտնել է Բաթումի կլինիկայի բժիշկ Թաքո Շանթաձեն, նրա մոտ ախտորոշվել է քթի ոսկրի կոտրվածք և ուղեղի ցնցում, գրում է «Էխո Կավկազա»–ն։

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ կապված բռնարարքի հետ։

Մեկուկես ամսից ավելի Վրաստանում ամեն օր անցկացվում են բողոքի ակցիաներ։ Ցուցարարները պահանջում են նոր ընտրությունների անցկացում այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» հայտարարեց, որ դադարեցնում է ԵՄ անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը։ Բողոքների հիմնական պահանջներից է նաև եվրոպամետ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակումը։