17 հունվարի 2025 - 14:06 AMT
Սամվել Կարապետյանի կոչը՝ միավորել ջանքերը՝ հաջակցություն Բաքվում պահվող հայ գերիների

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին՝ կոչ անելով միավորել ջանքերը նրանց պաշտպանության համար։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ առանձին գործընթացը»,–նշել է նա։

Նա նշել է, որ բոլորի՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար է ակնհայտ, որ հունվարի 17–ին Բաքվում սկսվող դատավարությունը ցուցադրական գործընթաց է։

«Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբեր մնալ: Այսօր ցանկանում եմ դիմել հանրության ամենալայն շրջանակին՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես հոգատար մարդ՝ արդարության կոչով», – նշել է գործարարը։

Կարապետյանը հիշեցրել է, որ մոտ 500 օր հայ գերիները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված իրենց իրավունքներից, այդ թվում՝ պաշտպանության, կապի և տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ նրանց հանդեպ կիրառվում են մեթոդներ, որոնք կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային նորմերը։

«Մարդիկ, որոնք երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր իրենք ունեն մեր աջակցության և պաշտպանության կարիքը։ Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին ապահովել այս մարդկանց արդարության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահերին նրանց կողքին գտնվելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդկության հաղթանակի խորհրդանիշ», – ասված է հայտարարությունում։

Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը հունվարի 16–ին տարածած իր ուղերձում հայտարարել է, որ ոչ մի ցուցմունք չի տվել և որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։ Նա նաև պնդել է իր անմեղությունն ու պահանջել դադարեցնել իր և մյուս հայերի նկատմամբ կիրառվող «քաղաքականացված գործը»։

Վարդանյանի գործով դատական նիստը նախատեսված է սկսել հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, Բաքվի դատարանում։