17 հունվարի 2025 - 14:36 AMT
Կոբախիձեն եռակողմ գործակցության կոչ է արել Երևանին ու Բաքվին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում կայացած վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում եռակողմ համագործակցության կոչ է արել Երևանին ու Բաքվին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ այդ նախաձեռնությունը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում։

«Վրաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցություն հաստատելու տարբեր ոլորտներում: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք ձեռնարկելու կոնկրետ գործնական քայլեր և նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկիրը պատրաստ է իր ամբողջ ներուժը ծառայեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար: