17 հունվարի 2025 - 16:52 AMT
ԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հերթական անգամ հաղթանակ է տարել դատարանում՝ թվով արդեն 7-րդ զրպարտության գործով։ Այս անգամ դատարանն ամբողջությամբ բավարարել է ընկերության հայցն ընդդեմ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության՝ պարտավորեցնելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և վճարել 500,000 դրամ փոխհատուցում։ Այս տեղեկությունը հաստատվում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի տվյալներով։

Դատարանի որոշմամբ՝ ՀԲՃ-ն պարտավոր է հերքել իր ֆեյսբուքյան օգտահաշվում 2023թ․ հուլիսի 11-ին տարածած հայտարարության այն պնդումները, որոնք ճանաչվել են զրպարտություն, հայտնում է Iravaban.net-ը։

Մասնավորապես, դատարանը զրպարտություն է համարել ՀԲՃ-ի կողմից հրապարակված հետևյալ հայտարարությունները. «անցյալում էկոլոգիական հանցանքների համար անպատիժ մնացած, ներկայումս անպատասխանատու գործունեության ծավալող (միայն Արծվանիկի պոչամբարն ու Ողջի գետի պարբերական աղտոտումը բավարար է) անհասկանալի ձևերով ՀՀ կառավարությանը բաժնեմաս նվիրած ԶՊՄԿ-ն», ինչպես նաև՝ «ԶՊՄԿ-ն է աղտոտում է բնությունն ու վնաս հասցնում մարդկանց առողջությանը»։

Հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ նմանատիպ դատական հայցերը հաճախ քննադատության են ենթարկվում՝ դիտարկվելով որպես «լռեցնելու» միջոց։

ԶՊՄԿ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը, անդրադառնալով դատական հայցերին, նշել է. «Զրպարտությունը, կեղծիքը եւ ապատեղեկատվությունը հանրային ոչ մի շահի չեն ծառայում։ Ավելին, ինչպես տեսել ենք վերջին տարիներին, հանքարդյունաբերության դեմ տարիներով հնչեցրած զրպարտությունը, որը հանքարդյունաբերական ընկերությունները գերադասել են անտեսել, այսօր օգտագործվում է Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի կողմից»։

Նա նաև հավելել է. «Շատ կարևոր է, որ վերջին դատական որոշումներում հստակ նշվում է, որ հրապարակումները պարունակում են զրպարտանք։ Դատական հայցերը որևէ մեկին լռեցնելու համար չեն, այլ նպատակ ունեն, այդ թվում՝ հանրային հարթակում, համացանցում ֆիքսելու, որ հնչեցվածը զրպարտություն է, ապագայում այդ ապատեղեկատվության շահարկումներից խուսափելու համար»։

Ավելի վաղ ԶՊՄԿ-ն զրպարտության գործերով հաղթանակ է տարել նաև Blognews.am և Oragir.News կայքերի դեմ ներկայացված դատական հայցերով։