Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը։ Շրջայցի ընթացքում նա ծանոթացել է շինարարական աշխատանքներին և ստեղծված պայմաններին` դպրոցը, որը նախատեսված է 576 աշակերտի համար, հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու գույքով։
«Շատ կարևոր է, որ դ պրոցները երեխաներին սովորեցնեն լավ ապրել։ Լավ ապրել չի նշանակում միայն նյութական բարեկեցություն, այլև առողջ ապրելակերպ, հարգանք դիմացինի հանդեպ, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն։ Կրթությունը պետք է նպաստի ոչ միայն գիտելիքների փոխանցմանը, այլև կյանքի որակի բարձրացմանը»,– ասել է Փաշինյանը։
Փաշինյանը ընդգծել է, որ կրթությունը պետք է կյանքին մոտ լինի՝ ապահովելով կիրառելի գիտելիքներ երեխաների համար։
Վարչապետը նաև անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ դրա նպատակը ուսուցիչների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Նա շեշտել է, որ լավ ապրել կարելի է միայն օրինական և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ՝ հավելելով, որ ապօրինի հարստացումը պետք է արժանանա հանրային արգահատանքի։
Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ նորակառույց դպրոցները երեխաներին ոչ միայն գիտելիքներ են փոխանցում, այլև ստեղծում են հարմար միջավայր՝ ստեղծագործական և անձնային զարգացման համար։
«Մենք ուզում ենք, որ այս դպրոցը ձեզ ուժեղացնի՝ ֆիզիկապես, հոգեպես և մտքով»,– ասել է վարչապետը՝ երեխաներին մաղթելով հաջողություն և ստեղծագործական ներշնչանք։
Դպրոցի շինարարությունն իրականացվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ արժենալով 2 մլրդ 189.9 մլն դրամ։