17 հունվարի 2025 - 17:29 AMT
Գարիկ Գալեյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման․ Մինչև վճիռն ուժի մեջ մտնելը կլինի տնային կալանքի տակ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 44-օրյա պատերազմում զոհված «Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, դատապարտել է 2 տարի ազատազրկման։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Դատավոր Մասիս Մելքոնյանն հրապարակել է դատավճիռը՝ հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 6 ամիս ժամկետը։

«Դատարանը միևնույն ժամանակ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը, մինչև որ վճիռը օրինական ուժի մեջ կմտնի։ Դատաքննության ընթացքում Գալեյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով՝ համակցված գրավով, ապա վարչական հսկողությամբ»,– ասել է փաստաբանը։

Փաստաբանը բացատրել է` սա ենթադրում է, որ դատավճիռը ստանալուց հետո Գարիկ Գալոյանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, իսկ եթե դատավճիռը մնա օրինական ուժի մեջ վերադաս ատյաններում, ապա նաև կազատազրկվի։

Նա հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։

Գալեյանին առաջադրվել են մեղադրանքներ խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված։

Գալեյանը ձերբակալվել է 2023 թ. սեպտեմբերի 8-ին։ Այնուհետև Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ նրա մոտ հայտնաբերվել է 3 փաթեթ մարիխուանա։ Սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով երկամսյա կալանք։ Դրանից հետո փաստաբանները հայտնել էին, որ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց։ Սակայն Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժել է կալանքի փոփոխության միջնորդությունը։ Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, որը փետրվարի 21-ին երկարաձգվել է ևս երկու ամսով։