Արցախյան մի խումբ կազմակերպություններ հունվարի 17–ի բողոքի ակցիայի ժամանակ պահանջագիր են հրապարակել ՝ ուղղված ՀՀ իշխանություններին։ Արցախյան կազմակերպությունները կոչ են անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել միջազգային ճնշումներ՝ ազատելու ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդներին և ապահովելու նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Նշվում է, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած և ունենալիք բոլոր «դատավարությունները» ակնհայտորեն միտված են հավաքական պատիժ ու նվաստացում ապահովելու ողջ հայ ժողովրդի դեմ։
Ընդգծվում է, որ ՀՀ կառավարությունը Ադրբեջանի հետ բանակցություններում և միջազգային գործընկերների հետ հարաբերություններում նույնիսկ նվազագույն ուշադրություն չի դարձնում վերոնշյալ հիմնախնդիրների լուծման իր պարտավորություններին, իսկ երբեմն էլ դիմում է վնասող գործողությունների։
Պահանջագրում նշվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝
Ալիևյան ռեժիմի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար, որպեսզի բոլոր հայ պատանդները, այդ թվում՝ ռազմագերիները, քաղաքական բանտարկյալները և քաղաքացիական անձինք, անհապաղ ազատ արձակվեն։
Հայ պատանդների հիմնարար իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար ադրբեջանական բանտերում՝ մինչև նրանց ազատ արձակումը։
Անհետ կորած ու բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար։
Արցախի մշակութային ժառանգության և հայ բնակչության հանրային ու մասնավոր գույքի պաշտպանության համար միջազգային մեխանիզմներ գործարկելու նպատակով։
Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձը կազմակերպելու համար միջազգային գործընթաց սկսելուն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կամ միջազգային հայցերից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից զերծ մնալու համար։
Հայաստանի միջպետական գանգատների շրջանակում ընդունված միջազգային դատական ակտերի պատշաճ կատարմանն աջակցելու համար, որոնց այժմ անտեսում են ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունները։
Միջազգային քրեական դատարանին դիմելու համար՝ հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետաքննության նպատակով։
Պահանջագրում անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունների անգործությունն ու սխալ դիրքորոշումները նպաստել են Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված միջազգային հանցագործությունների անպատժելիությանը։
Հատուկ ընդգծվում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյաց քաղաքականությունը և Հայաստանի դեմ ագրեսիայի սպառնալիքները շարունակում են վտանգ ներկայացնել։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ իշխանություններից հստակ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու հայկական իրավունքները և ապահովելու ադրբեջանական ռեժիմի կողմից խախտված իրավունքների վերացումը։
Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։