18 հունվարի 2025 - 10:06 AMT
BBC-ն անդրադարձել է Վարդանյանի դատավարությանը, գրել նրա հացադուլի և պահման պայմանների մասին

Ադրբեջանում մեկնարկել է դատավարությունը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։ 2022 թվականին նա տեղափոխվել էր Արցախ և զբաղեցրել վարչապետի պաշտոնը, գրում է BBC-ն։

Վարդանյանն ասել է, որ իր հարցաքննությունների արձանագրությունները կեղծվել են, իսկ գործի 422 հատորներն իրեն չեն տրամադրվել ծանոթության համար։

«Քրգործի հատորներն ադրբեջաներեն են, որին ես չեն տիրապետում»,–ասել է նա։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին, մեկօրյա պատերազմի արդյունքում, Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի վրա։ Ավելի քան 100 հազար հայեր լքել են իրենց տները։ Վարդանյանին ձերբակալել են սեպտեմբերի 27-ին, Լաչինի միջանցքում։

«Ռուբեն Վարդանյանը, մինչ Արցախ տեղափոխվելը, Ռուսաստանի հայտնի գործարարներից էր։ 90-ականներին նա հիմնադրել էր «Տրոյկա-Դիալոգ» ներդրումային բանկը։ Վաճառքից հետո նա նվիրաբերումներ էր կատարում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

Հետաքննողները պնդում էին, որ «Տրոյկա-Դիալոգը» կապ ունի ռուսական էլիտայի ֆինանսական միջոցների արտահոսքի հետ։ Վարդանյանն այս մեղադրանքները համարել է անհիմն։

2022-ին նա հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից, տեղափոխվել Արցախ և ստանձնել պետական պաշտոն։ Սեպտեմբերին, շրջափակումից հետո, Ադրբեջանը ձերբակալել է նրան»,–ասվում է հոդվածում։

Վարդանյանի դեմ մեղադրանքներն ընդգրկում են ահաբեկչության ֆինանսավորումը և անօրինական գործունեություն։

2024-ի ապրիլին նա հացադուլ է հայտարարել, ինչի պատճառով նրան տեղափոխել են մենախուց։ Ըստ իրավաբանների, նա ենթարկվել է անմարդկային պայմանների։ Հացադուլը տևել է 20 օր։

«Լույսը խցում չէին անջատում, ինչը հանգեցրել է անքնության և հյուծման։ Վարդանյանին ավելի քանի 2 օր զրկել են ջրից, լողանալու, հագուստը փոխելու, կարդալու հնարավորությունից»,–հայտնել է նրա ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։

Վարդանյանի որդին՝ Դավիթը, պատմել է, որ հոր նամակներն իրենց չեն հասնում։ Ընտանիքը կարողանում է շփվել նրա հետ բացառապես ԿԽՄԿ միջոցով։

Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում կոչ է արել խաղաղության՝ նշելով. «Ես կփորձեմ անել ամեն ինչ, որ դա տեղի ունենա իմ կյանքի ընթացքում»։

Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։