Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, իր մանդատի շրջանակներում, շարունակում է մշտադիտարկել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքների հետ կապված հարցերը՝ կարևորելով մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
«Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերող բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, ինչպես նաև միջազգային իրավական նորմերի կոպտագույն խախտումներով։ Պաշտպանի իրականացրած մշտադիտարկումները ցույց են տալիս, որ դեռևս մինչև անձանց ապօրինի ազատությունից զրկելը նրանք արդեն պիտակավորվում էին որպես «հանցագործ»՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների մակարդակով։ Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում շարունակվում են տարածվել հայերի նկատմամբ ատելության կոչեր, վիրավորանքներ և թշնամական հայտարարություններ, որոնք ուղեկցվում են բռնության կոչերով»,-ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը նշում է, որ Ադրբեջանի կողմից պետական հովանավորությամբ իրականացվող էթնիկ ատելության քարոզը և անմեղության կանխավարկածի անտեսումը Բաքվում ընթացող այսպես կոչված «դատավարություններին» զրկում են որևէ օրինական հիմքից։ Այդ գործընթացները չեն համապատասխանում արդար դատաքննության իրավունքի միջազգային չափանիշներին և չեն կարող համարվել անկողմնակալ դատարանի գործողություններ։ Այս խնդրի կապակցությամբ մտահոգություններ են հնչեցրել ինչպես իրավապաշտպան կազմակերպությունները, այնպես էլ հեղինակավոր միջազգային կառույցները։
Արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում, հատկապես կարևորվում է անմեղության կանխավարկածի պահպանման տեսանկյունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշտապես ընդգծել է, որ այս սկզբունքի պահպանումը պարտադիր է բոլոր պետական մարմինների և զանգվածային լրատվության միջոցների համար։
Բացի այդ, քրեական հետապնդման ենթարկվող էթնիկ հայերին զրկում են իրենց պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու իրավունքից։ Նրանք չունեն իրենց ընտրած պաշտպանի միջոցով գործին մասնակցելու հնարավորություն, ինչպես նաև թարգմանչի ծառայություններից օգտվելու համարժեք երաշխիքներ։
ՄԻՊ-ը մասնավորապես կիսում է պաշտպանական իրավունքների խախտման հետ կապված մտահոգությունները։ Նման խնդիրների առնչությամբ պարբերաբար ահազանգում են նաև «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն և այլ հեղինակավոր կառույցներ, որոնք իրենց զեկույցներում բարձրաձայնել են ազատությունից զրկված էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորումների մասին։
«Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է, որ ոլորտում գործող բոլոր ազգային և միջազգային դերակատարները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել այս խնդիրների լուծման ուղղությամբ։ Իր մանդատի ներքո Պաշտպանը կշարունակի դիմել համապատասխան մարմիններին՝ խնդրի լուծմանն ուղղված քայլեր նախաձեռնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։