18 հունվարի 2025 - 11:16 AMT
ՀՀ–ն և ԱՄՆ-ն սկսում են բանակցել 123 միջուկային համաձայնագրի շուրջ

Երևանն ու Վաշինգտոնը հայտարարել են 123 միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատել է Հայաստանի՝ 2024–ին ուղարկած դիմումը՝ համաձայնագրին միանալու վերաբերյալ։

Բանակցությունների ընթացքը և համաձայնագրի ստորագրման ժամկետները կախված կլինեն ոչ միայն Հայաստանի դիրքորոշումից, այլև Վաշինգտոնի նոր վարչակազմի քայլերից։ Նման կարծիք է հայտնել էներգետիկայի ոլորտը համակարգած նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը, հայտնում է «Ազատությունը»։

«Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի միջուկային ոլորտի ընկերություններին համագործակցել Հայաստանի հետ՝ լինի դա գործող ատոմակայանի, միջուկային էներգիայի այլ կիրառությունների կամ նոր ատոմակայանի կառուցման ոլորտում»,- նշել է Վարդանյանը։

Նա շեշտել է, որ առանց համաձայնագրի ամերիկյան կազմակերպությունները չեն կարող տեխնոլոգիաներով կամ անգամ գիտելիքով կիսվել այն երկրների հետ, որոնք չեն միացել 123 համաձայնագրին։

Բանակցությունների մեկնարկի մասին հայտարարվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման ճեպազրույցում։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ 123 համաձայնագիրը «կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակ»։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավելել է, որ այն «նոր ուղիներ կբացի միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում համատեղ աշխատանքի համար»։

Հայաստանը վերջին տարիներին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Չնայած պաշտոնական հայտարարություն չի արվել, մասնագետների ու տարբեր պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանը հակված է փոքր ռեակտորներով ատոմակայան կառուցելուն։

«Փոքր ռեակտորները ավելի արդյունավետ կլինեն, բայց որոշումը կախված է ռեակտորների գնից, միջուկային վառելիքի լոգիստիկայից և այլ գործոններից»,- նշել է Հակոբ Վարդանյանը։

Նախկին փոխնախարարը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում առավել իրատեսական առաջարկներ եղել են ամերիկյան, ռուսական և հարավկորեական կողմերից։ Սակայն ամերիկյան տեխնոլոգիաների մանրամասն ուսումնասիրման համար նախ անհրաժեշտ է ստորագրել 123 համաձայնագիրը։

Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը վերազինման հերթական փուլից հետո կշարունակի գործել մինչև 2036 թվականը։ Նոր ատոմակայանի նախագծման, տեխնոլոգիաների ուսումնասիրության և կառավարությանը եզրակացություն ներկայացնելու համար 2025 թվականի բյուջեով նախատեսված է համապատասխան ընկերության ֆինանսավորումը։