18 հունվարի 2025 - 11:32 AMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաղոթեն Բաքվում պահվող հայ գերիների համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաղոթեն Բաքվում պահվող հայ գերիների համար: Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 19-ին Սուրբ պատարագի ժամանակ կկատարվի հատուկ աղոթք, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Հունվարի 19-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։