18 հունվարի 2025 - 12:36 AMT
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող ապահով զգալ, քանի դեռ Սիրիայում ահաբեկիչներ են գործում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող ապահով զգալ, քանի դեռ Սիրիայում ահաբեկիչներ են գործում։ Նա այդ մասին ասել է Կայսերիում անցկացվող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) VIII համագումարում։

Իր խոսքում նա անդրադարձել Սիրիայի ներկայիս իրադարձություններին։

Նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդը վճռական քայլեր է ձեռնարկում նոր կառավարության ձևավորման ուղղությամբ, որը պետք է որոշի երկրի ապագան, սակայն, քանի դեռ տարածաշրջանում գործում են զինված ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիան չի կարող լիովին անվտանգ լինել։ Այդ մասին հայտնել է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Էրդողանը հիշեցրել է նաև, որ վերջին տարիներին որոշ ուժեր Սիրիան և Մերձավոր Արևելքը վերածել էին քաոսի գոտու։ Նրա խոսքով՝ այդ ուժերը դեռ փորձում են կրկնել իրենց ծրագրերը, սակայն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ժամանակն ավարտվել է, և այդ կազմակերպությունը շուտով կմնա անցյալում, գրում է «Վեստնիկ Կավկազա»–ն։

«Ահաբեկիչները կամ կամավոր կդնեն իրենց զենքերը, կամ նրանց կդրդեն դրան։ Թուրքիայում ահաբեկչության տեղ չկա ապագայում», — եզրափակել է Էրդողանը։

2024–ի նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: