Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ընդգծվում է, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները շարունակաբար սրվում են։
Նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրում են ՀՀ-ին կործանարար զիջումներ:
«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր:
Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում և վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից և ունենալով Թուրքիայի անվերապահ և ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:
Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրև թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու: Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ խաղաղությունը անշրջելի և կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման և ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է և նոր պատերազմի սաղմնավորում:
«Հայ ժողովրդի և նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից և հաստատել իրական՝ անշրջելի և արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից և կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության և հայոց պետականության կորուստ:
Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու և Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձևավորելով նոր որակի իշխանություն և հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ: Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետևյալ առաջնահերթ ուղղություններով.
ա) Հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետևանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:
բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի և պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:
գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձևավորմանը և դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների և դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության և լինելիության պայքարը պետք է շարունակվի:
ՀՅԴ–ն կոչ է անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ «ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձևավորելու և համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում»:
Նշվում է, որ Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի։