ՌԴ Վլադիկավկազ քաղաքից գործարար Օլեգ Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ՝ պահանջելով 1.5 միլիարդ ռուբլի: Ընտանիքը պնդում է, որ հանքային ջրի շշերից մեկում եղել է քացախաթթու, որը հանգեցրել է մահվան:
«Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարին։ Օլեգ Գուսովը «Ֆառն» շուկայից գնել է հանքաջրի 12 շիշ պարունակող փաթեթ։ Նրա դուստրն ասել է, որ հայրը վատ է զգացել առաջին կումից հետո: Հետագայում պարզվել է, որ շշի մեջ քացախաթթու է եղել, որը կիրառվում է ապակե տարաները մաքրելու համար»,–գրում է «Կոմերսանտը»։
«Հայրիկս միանգամից վազեց տուն ու ընկավ գորգի վրա... Ես տեսա, որ նա վատացավ, ու օգնություն կանչեցի», — պատմել է դուստրը։
Օլեգ Գուսովը մահացել է փետրվարի 13-ին Մոսկվայում։ Պատճառը եղել է էկզոտոքսիկ շոկը, որը հասցվել է ներքին օրգանների քիմիական այրվածքներից։
Նշվում է, որ հետաքննությամբ պարզվել է, որ «Ջերմուկ» հանքաջուրը Վրաստանի տարածքով տեղափոխվել է ՀՀ–ից Վլադիկավկազ։ Վարորդը պնդում է, որ բեռն ամբողջությամբ անթերի է եղել։ Շշի բեկորների վրա քացախաթթվի հետքեր են հայտնաբերվել։
Գուսովի ընտանիքն իր պահանջները գնահատել է 1.5 միլիարդ ռուբլի։ Նրանք նաև պահանջում են ժամանակավորապես կասեցնել «Ջերմուկ» հանքաջրի վաճառքը՝ մինչև գործի ավարտը։
ԶԱՕ «Ջերմուկ Գրուպ»-ը հրաժարվել է մեկնաբանություններ տալ պարբերականին։
Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ տարաների լվացման համար քացախաթթու ընդհանրապես չեն օգտագործում։