20 հունվարի 2025 - 11:43 AMT
Թրամփը խոստացել է հրապարակել Քենեդու սպանության գաղտնի նյութերը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է հրապարակել գաղտնազերծված նյութեր, որոնք վերաբերում են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։

«Մենք կգաղտնազերծենք բոլոր մնացած նյութերը Ջոն Քենեդու, նրա եղբայր Ռոբերտ Քենեդու, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների վերաբերյալ, ինչպես նաև լայն հասարակական հետաքրքրություն առաջացնող մյուս թեմաների վերաբերյալ։ Այս ամենը կհրապարակվի», — հայտարարել է նա՝ հունվարի 19-ին ելույթ ունենալով իր աջակիցների առջև Վաշինգտոնի Capital One մարզադաշտում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Թրամփը նաև հայտարարել է, որ պաշտոնավարման առաջին իսկ ժամերին աննախադեպ քանակի հրամանագրեր կստորագրի։

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։