Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն փորձում է ինտերնետ պրովայդերներին պարտադրել հատուկ գաղտնահսկող սարքերի գնում և տեղադրում: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ազգային անվտանգության ծառայությունից և Դատախազությունից մեկնաբանություն չեն տվել, հայտնում է Factor.am-ը։
Ըստ Բարսեղյանի՝ սարքերն օգտագործվում են ինտերնետ բաժանորդների թրաֆիկը վերահսկելու նպատակով:
«ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ եւ տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում եւ այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն եւ դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած: Ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողները՝ տեղականները այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել, մարդ են, գործ են դրել, ու բոլորովին էս տեսակ բաների մեջ մտնելը կամ վիճելը իրենց բիզնեսին օգուտ չի տա:
Ոմանք հլու հնազանդ՝ էդ թանկուկրակ սարքերը գնել տեղադրել են ու մատակարարում են ԱԱԾ-ին ձեր ինտերնետ թրաֆիկը՝ անընդհատ, այսինքն, երբ ուզեն ԱԱԾ-ում կտեսնեն, թե համացանցում ինչ եք անում, ինչ եք դիտում: Ոմանք դեռ չեն արել, կամ փող չունեն, լավ էլ թանկ են էդ սարքերը: Թե բա՝ էսինչ եվրոպական երկրի, էսինչ արտադրածը գնեք, կներկրեք, կմաքսազերծեք, կդնեք, կմիացնեք մեզ ուղիղ ԱԱԾ-Նալբանդյան: Ու բանավոր են հրահանգում»,–գրել է Բարսեղյանը։