Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ներդրված է պետությունից գողացված գույքերի, միջոցների վերադարձի համակարգ՝ հավելելով, որ այն արդյունավետ է գործում և ապահովում է հանրային շահերի պաշտպանությունը։ Նա այդ մասին խոսել է ֆեյսբուքյան եթերում։
«Շատերդ եք լսել ասացվածքը, որ եթե ուզում ես մարդուն կերակրել, ոչ թե նրան ձուկ տուր, այլ նրան սովորեցրու ձուկ բռնել։ Կառավարությունը հետևել է այս տրամաբանությանը, երբ ներդրել է ապօրինի գույքի վերադարձի համակարգը»,-նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ այս համակարգը նախատեսված է կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված և ապօրինի կերպով սեփականաշնորհված գույքերի վերադարձի համար։ Փաշինյանը շեշտել է, որ օրենքի ուժով այս գույքերը վերադարձվում ՀՀ–ին։ Նա նշել է, որ համակարգն արդեն տվել է իր առաջին արդյունքները։
«Ես առիթ ունեցել եմ ներկայացնելու այն գույքերը, որոնք արդեն իսկ վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, և ուզում եմ երկու բան արձանագրել: Առաջինը՝ ապօրինի գույքի վերադարձի և ընդհանրապես պետական շահի և համայնքային շահի համակարգով ապօրինի կերպով ձեռք բերված գույքերի վերադարձի համակարգը վերաբերվում է, այո, նախկինում տեղի ունեցած այդ երևույթներին, 2018 թվականի հեղափոխությունից առաջ տեղի ունեցած նմանատիպ երևույթներին, բայց վերաբերվում է նաև հեղափոխությունից հետո տեղի ունեցող, տեղի ունեցած նման հնարավոր դեպքերին և երևույթներին։ Սա արժևորում է ներդրված համակարգը, որովհետև համայնքային ու պետական շահերի պաշտպանության տանիքի ներքո այդ ապօրինի գույքերի միջոցների վերադարձը թիրախավորում է ոչ թե կոնկրետ ժամանակաշրջան, այլ թիրախավորում է կոնկրետ երևույթ»,-ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ժողովրդից գողացված, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի պետությանը՝ այսինքն ժողովրդին։
«Եվ ես այսօր ուզում եմ արձանագրել, որ այդ համակարգը ներդրված է, գործում է, ինչի առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև դա 2018 թվականի հեղափոխության կարևոր խնդիրներից մեկն էր: Եվ ուզում եմ արձանագրել, որ այն ինչ խոստացել էինք, ահա իրականացված է, ներդրված է և այս ներդրված համակարգը հատիկ առ հատիկ վերադարձնելու է ժողովրդից գողացված բոլոր գույքերը»,-եզրափակել է Փաշինյանը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը գործում է 2020 թվականի ապրիլից։