Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայկական կողմի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման վայրի և ժամկետի մասին պայմանավորվածություն չկա։
Նա հավելել է, որ կողմերը դեռ չեն համաձայնեցրել փաստաթղթի երկու հոդվածները, և քննարկումները շարունակվում են, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Հայաստանի Սահմանադրության և իրավական փաստաթղթերում դեռ կան ադրբեջանական հողերի հանդեպ հավակնություններ։ Դա պետք է կարգավորվի»,–ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։
Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։