ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է մեկնաբանել իր հայտարարությունները, որոնք պարունակում էին ոչ հարիր բառապաշար և հայհոյանքներ՝ ուղղված արցախցիներին։
«Մեկնաբանություն չունեմ, թողեք անցնեմ»,- ասել է Սիրունյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Քաղհասարակության քննադատությանը անդրադառնալով՝ Սիրունյանը նշել է, որ ուրախ է, որ գոյություն ունի քաղհասարակություն։ Այնուամենայնիվ, նա «չզղջաց» արցախցիների դեմ ատելության խոսքի համար։
Սիրունյանի թեկնածության առաջադրումը հասարակական կազմակերպությունների քննադատության առարկա է դարձել։ Ըստ նրանց՝ իշխող կուսակցության ներկայացուցչի առաջադրումը չի կարող ապահովել դատական համակարգի անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից:
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ծանոթ չէ ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի՝ ատելություն քարոզող գրառումներին, հայտնում է Aysor.am-ը։
Նրա կարծիքով՝ քանի դեռ անձը պաշտոն չի զբաղեցնում, որն իրենից պահանջում է քաղաքական զսպվածություն, նա իրավունք ունի արտահայտել այնպիսի մտքեր, որոնք կարող են որևէ խմբի համար հաճելի չլինել։
«Խոսքը վերաբերում է լեգիտիմ այն շեմին, որը Եվրոպական դատարանը դիտարկում է ընդունելի խոսքի ազատության տեսանկյունից»,- ասել է Վարդանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրվել է ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնի համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել էր Սիրունյանի գրառումները, որոնք պարունակում էին ատելության քարոզ և հայհոյանքներ։