Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է մի շարք մշակութային հաստատությունների անվանումներից հանել «ազգային» բառը։ Մասնավորապես, Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և նման այլ կառույցների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետականով»։ Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ ներկայացնելով «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։
Դանիելյանը նշել է. «Եթե այս նախագիծը հավանության արժանանա, ապա Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ կունենա մշակույթի ոլորտում դինամիկ և բովանդակալից օրենք՝ ուղղված մշակութային կյանքը զարգացնելուն»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, սակայն, կասկած է հայտնել, որ այս փոփոխությունները նվազեցնում են ազգային նշանակության մշակութային կառույցների դերը։
«Այս նախագծով փաստորեն վերացվում է «ազգային» կարգավիճակը, որը մինչ այժմ շնորհվել էր 11 բացառիկ մշակութային հաստատությունների՝ իրենց առաքելության կարևորության համար։ Այս կառույցներն առանց այդ էլ պետական են։ Ինչու է անհրաժեշտ փոխել նրանց անվանումը՝ ավելացնելով «համապետական» բառը»,- ընդգծել է նա։
Ի պատասխան Դանիելյանը վստահեցրել է, որ բոլոր կառույցները կպահպանեն իրենց ազգային կարգավիճակը։ Սակայն Գալստյանը շարունակել է պնդել, որ նախագիծը հակասում է ներկայացված խոստումներին՝ մեջբերելով դրա դրույթներից մեկը, ըստ որի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կառույցները կպահպանեն իրենց կարգավիճակը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հակադարձելով ընդդիմադիր պատգամավորի քննադատությանը, նշել է, որ «ազգային» կարգավիճակը մարզերում գործող մշակութային հաստատությունների նկատմամբ անհավասար մոտեցում է ստեղծում։
«Այսօր մենք պետք է արժևորենք նաև այն հաստատությունները, որոնք գործում են մարզերում, բայց իրենց անվան մեջ չունեն «ազգային» բառը»,- ասել է Գաբրիելյանը։
Մշակութաբաններն այս փոփոխությունները պարտադրված քայլ են համարում։ Միաժամանակ, Գաբրիելյանը շեշտել է, որ մշակութային կառույցների նոր դասակարգումը կնախատեսի նրանց պարտավորություններն ու դերը հայկական մշակույթը տարածելու գործում։ Նա նաև տեղեկացրել է, որ մշակութային հաստատությունների աշխատակիցների համար պարգևատրման նոր կարգ է նախատեսվում, ինչի շնորհիվ Օպերայում և տիկնիկային թատրոնում միջին աշխատավարձն արդեն հասել է 300,000-600,000 դրամի։
Դեռ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը առաջարկել էր մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային» բառը փոխարինել «պետականով»՝ պետություն և պետականություն բառերի կարևորությունն արժևորելու համար։ Դանիել Դանիելյանը նշել էր, որ եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա դրա գործունեությունը պետք է համապետական բնույթ կրի։