Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանից գործնական քայլեր է ակնկալում ՝ «այն տարածքային պահանջների վերացման ուղղությամբ, որոնք առկա են ՀՀ սահմանադրության և մի շարք օրենսդրական ակտերի մեջ», գրում է Haqqin.az-ը։
«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ խաղաղ համաձայնագրի տեքստից բացի գոյություն ունի մեկ այլ լուրջ և բաց խնդիր։ Դա մեր երկրի հանդեպ տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի սահմանադրության և այլ նորմատիվ ակտերի մեջ։ Մենք լսում ենք հայտարարություններ և խաղաղության կոչեր, բայց նկատում ենք իրական գործողությունների ակնհայտ պակաս», -ասել է նա։
Բայրամովը, անդրադառնալով ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, մեղադրել է ԱՄՆ հեռացող վարչակազմին հօգուտ ՀՀ–ի «կողմնապահության» մեջ։
Բայրամովի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում որպես միջնորդներ հանդես եկող երկրների կողմից անընդունելի են «կողմնակալ քայլերը», հայտնում է MInval.az-ը։
«Ես չէի ցանկանա մեկնաբանել երկու երկրների հարաբերությունները, սակայն, Միացյալ Նահանգներն աջակցություն է ցույց տվել Հայաստանին։ Նման գործողությունները անթույլատրելի են մի միջնորդի համար, որը փորձում է հավասարակշռված դիրքորոշում որդեգրել։ Կողմնակալությունն անընդունելի է, և մենք դա տեսել ենք ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի քայլերում»,–ասել է Բայրամովը։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։
Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։