Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից»՝ H1N1 վիրուսով պայմանավորված հետևանքներից։ Մահվան հիմնական պատճառ են դարձել վիրուսի հետևանքով առաջացած բարդությունները, ինչպես նաև ուղեկցող հիվանդությունները, գրում է Sputnik–georgia–ն։
Մահացածներից ոչ մեկը պատվաստված չի եղել սեզոնային վիրուսների դեմ։
«Սա վիրուս է, որը կարող է միաժամանակ ախտահարել մի քանի օրգան», - նշել է Առաջին համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Լևան Ռատիանին։
Վրաստանում նկատվում է նաև A տեսակի գրիպով վարակման դեպքերի աճ, ինչը հանգեցրել է բժշկական հաստատություններ դիմող հիվանդների թվի մեծացման։ Բժիշկները նշել են, որ հիվանդների մեծ մասն ընդունվում է բարձր ջերմությամբ, որը դեղորայքի միջոցով չի նվազում։
Մասնագետները նշում են, որ «խոզի գրիպի» դեմ պայքարում առավել արդյունավետ է հակավիրուսային միջոցների կիրառումը, եթե բուժումը սկսվում է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում։ Նշվում է, որ կարևոր է հնարավորինս շուտ դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժմամբ զբաղվելուց։