20 հունվարի 2025 - 18:44 AMT
Փաստաբան․ Զինվորական կացարանի հրդեհից 2 տարի անց վկաների մեծ մասը չի հարցաքննվել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից 2 տարի անց ոչ մի դրական տեղաշարժ չկա, և ավելի շատ հարցեր են առաջացել, քան իրավասու մարմինների կողմից տրվել են պատասխաններ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։

Նրա խոքով` իրավասու մարմինները գործի վերաբերյալ փնթի և ոչ կոմպետենտ վերաբերմունք են դրսևորում. 2 տարին լիովին բավարար էր գործի վրա լույս սփռելու համար, գրում է Sputnik Արմենիան։

Դատական նիստերի ընթացքում ցուցմունք է տվել 19 տուժողից 14-ը։ Նորիկյանը հիշեցրել է, որ դատավարության ընթացքում երկու ծնող մահացել է, իսկ մնացածները սպասում են իրենց հերթին։ Անգամ կացարանի սեփականատեր հանդիսացող կինը չի հարցաքննվել։

«38 վկայից հարցաքննվել է միայն 4-ը։ Առաջիկա դատական նիստերում հարցաքննվելու են ինչպես զորամասի հրամանատարական կազմը, այնպես էլ ԶՈւ–ի գլխավոր շտաբի ավելի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Մենք ստացել ենք պատասխան, որ ի գիտություն է ընդունվել մեր դիմումը, և նկատի կառնվի բարձրաձայնված հանգամանքները։ Մենք այլ բան չէինք սպասում»,–ասել է Նորիկյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ տուժողների և վկաների ցուցմունքները շարունակում են հակասել միմյանց, ինչն էլ առաջացրել է լուրջ անվստահություն գործի նախաքննության նկատմամբ։ Նա նշեց նաև, որ «գործի վրա լույս սփռելու համար երկու տարի լրիվ բավարար ժամանակ էր»։

2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Դեպքի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել՝ 7 զինծառայող։

Դեպքից հետո պաշտոնաթող էին արվել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու մի քանի այլ բարձրաստիճան զինվորականներ։ Գործի շրջանակներում հարուցվել են քրեական գործեր՝ կապված հրդեհային անվտանգության կանոնների խախտման և այլ պաշտոնատար անձանց ենթադրյալ անփութության հետ: