21 հունվարի 2025 - 11:46 AMT
Ինյարիտու. Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Նա հավելել է, որ «վերջին տարիներին Հարավային Կովկասում բռնի գործողություններ իրականացնող միակ դերակատարն Ադրբեջանն է»։

Ինյարիտուն շեշտել է, որ «միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու համար, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի», հայտնում է Արմենպրեսը։

Նա ընդգծել է. «Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է, որը խախտել է միջազգային իրավունքը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում։ Նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի»:

Ինյարիտուն նշել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելը հնարավոր է միայն կառուցողական ներգրավվածության պայմաններում՝ հակամարտությունների լուծման փոխարեն:

Վերլուծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի և զինամթերք է ձեռք բերում բացառապես երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով, պատգամավորը նշել է. «Ադրբեջանի մեղադրանքն առնվազն տարօրինակ է. որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ունի բոլոր իրավունքներն իր պաշտպանության համար ձեռք բերել ռազմական տեխնիկա, ինչպես ցանկացած այլ երկիր։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հավերժացնելու և Հայաստանի տարածքներ ներխուժելու համար օգտագործել է լուրջ սպառազինություն՝ ներառյալ զենքեր, որոնք հակասական են կամ նույնիսկ խախտում են միջազգային իրավունքը»:

Պատգամավորը նշել է, որ այդ զենքերը մատակարարվել են մի շարք երկրներից, ներառյալ Թուրքիա, Իսրայել, Ռուսաստան, Գերմանիա, Կանադա և այլք։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ հարձակողական գործողությունների համար։

«Ի հակադրություն սրան՝ Հայաստանը շարունակում է կենտրոնացած մնալ բացառապես իր սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա»,-ընդգծել է Ինյարիտուն։

Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե ռազմական տեխնիկա ձեռք բերելու մեջ է, այլ դրա չարաշահման և միջազգային իրավունքի խախտման մեջ, ինչին Ադրբեջանը բազմիցս դիմել է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։