21 հունվարի 2025 - 11:56 AMT
Ստամբուլում «Ակոսի» խմբագրատան դիմաց հարգել են Հրանտ Դինքի հիշատակը

Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանությունը, հունվարի 19-ին կազմակերպվել է նրա մահվան 18-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։

Ըստ «Ակոսի» հաղորդագրությունում, միջոցառման համար նախատեսված ժամին հազարավոր քաղաքացիներ հավաքվել են խմբագրատան դիմաց՝ «Այստեղ ենք, ախպարիգ» բացականչություններով։ Նրանք իրենց ձեռքում պահել են հայերեն, թուրքերեն և քրդերեն գրություններով պաստառներ՝ հիշեցնելով Դինքի խաղաղասիրական գործունեությունն ու արդարության պահանջը։

Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև քրդական կուսակցության ներկա և նախկին պատգամավորներ, հասարակական և մշակութային ոլորտի գործիչներ, հայտնում է Factor.am-ը։

Միջոցառման ընթացքում ընթերցվել է Գեզի այգու դեպքերից հետո ձերբակալված Օսման Կավալայի ուղերձը, որը ևս ուղղված էր արդարության և հիշողության պահպանմանը։

Ստամբուլահայ հասարակական գործիչ և «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր խմբագրատան դիմաց։ Չնայած տարիներ տևած դատական գործընթացներին՝ Դինքի փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանության գլխավոր կազմակերպիչները դեռևս բացահայտված չեն, իսկ դատարանի որոշած պատժաչափերը՝ չափազանց մեղմ։