21 հունվարի 2025 - 13:09 AMT
Նախագիծ․ Կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին թույլ կտան կառավարել նաև մասնագիտացված այլ ֆոնդեր

ԱԺ նստաշրջանում քննարկվում է կուտակային կենսաթոշակների վերաբերյալ փոփոխությունների և լրացումների նախագիծը, որով նախատեսվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին թույլ տալ կառավարել նաև մասնագիտացված այլ ֆոնդեր։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը նշել է, որ կուտակային համակարգը գործում է արդեն ավելի քան տասը տարի, և այժմ անհրաժեշտ է ընդլայնել կենսաթոշակային ֆոնդերի հնարավորությունները՝ նպաստելով ներդրումների ակտիվացմանը, գրում է «Առավոտը»։

«Այս նախագիծը մի քանի կարևոր խնդիր է լուծում։ Նախ՝ վերացվում է թղթային հաղորդակցությունը պետական ֆոնդերի և մասնակիցների միջև՝ ամբողջ ծանուցումների համակարգը դարձնելով էլեկտրոնային։ Բացի այդ, առաջարկվում է թույլատրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին ղեկավարել ավելի մասնագիտացված ներդրումային ֆոնդեր։ Նախկինում նման թույլտվություն չկար, քանի որ առաջնային նպատակն էր, որ նրանք կենտրոնանան ՀՀ կուտակային ֆոնդերի կառավարման վրա։

Բայց այսօր, երբ կառավարիչներն արդեն բավարար փորձառություն են ձեռք բերել և հարմարվել շուկային, անհրաժեշտ է նրանց ներուժն առավել արդյունավետ օգտագործել՝ հնարավորություն տալով գրանցել և կառավարել այլ մասնագիտացված ֆոնդեր, ինչը կապիտալի շուկայի զարգացման համար մեծ նշանակություն կունենա»,- ասել է Նուրբեկյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով կուտակային ֆոնդերում կուտակված միջոցների ներդրման ուղղություններին, հարցրել է, թե կենսաթոշակային ֆոնդերում հավաքված գումարների որ մասն է գնացել իրական տնտեսություն, որ մասն է գնացել արտահանելի տնտեսություն։

Արմեն Նուրբեկյանը պատասխանել է. «ՀՀ-ում է ներդրված ֆոնդերի մոտ 65 տոկոսը։ Այդ 65 տոկոսի կեսից մի քիչ ավելին ՀՀ պետական պարտատոմսերում է ներդրված, այսինքն՝ պետության մեջ են ներդրումներ արված։ Մնացածի մոտ 70 տոկոսը բանկերի ավանդներն են, մնացածը՝ կորպորատիվ պարտատոմսերը»։