21 հունվարի 2025 - 14:08 AMT
Սիմոնյանը՝ Բաքվում շինծու դատավարության մասին․ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, բայց արձագանքելու բան չկա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության նկատմամբ կազմակերպված դատավարությանը` նշելով, որ արձագանքելու բան չկա։

«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- ասել է Ալեն Սիմոնյանը, հայտնում է Արմենպրեսը։

Լրագրողը նաև հարց է ուղղել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել։ Այս դիտարկմանը Սիմոնյանը պատասխանել է, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և գտնում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։

«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Ադրբեջանը ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, ներառյալ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԼՂ Ազգային ժողովի նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանի գործը շինծու քրեական գործընթացում առանձնացվել է այլ գործերից, և նրա դատաքննությունը տեղի է ունեցել առանձին։ Վարդանյանի հաջորդ դատական նիստը նախատեսված է հունվարի 27-ին, իսկ մյուսների նիստը՝ հունվարի 21-ին։

Կեղծ մեղադրանքներ են ներկայացվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին և Մելիքսեթ Փաշայանին։