ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնապես ճանաչվում է երկու անփոփոխ սեռ՝ արական և իգական։ Ըստ փաստաթղթի, ԱՄՆ–ն այդպիսով հրաժարվում է գենդերային գաղափարախոսությունից։
«ԱՄՆ քաղաքականության համաձայն ճանաչվում է երկու սեռ՝ արական և իգական։ Մարդու սեռն անփոփոխ է և հիմնված է հիմնարար և անվիճարկելի իրականության վրա», - նշված է փաստաթղթի տեքստում, գրում է ՏԱՍՍ–ը։
Ըստ պարզաբանման՝ «սեռ» հասկացությունը կենսաբանական դասակարգման արդյունք է և նույնական չէ «գենդերային ինքնության» հետ, որը «սեփական ես-ի բացառապես ներքին և սուբյեկտիվ զգացողություն» է։ Հրամանում նաև նշվում է, որ «կին» և «աղջիկ» բառերը վերաբերում են իգական սեռի չափահաս և անչափահաս անձանց, իսկ «տղամարդ» և «տղա» բառերը՝ արական սեռի անձանց։
Փաստաթուղթը քննադատում է գենդերային գաղափարախոսությունը, որի համաձայն սեռը կարող է փոփոխվել անհատի ցանկությամբ։ Այն հայտարարությունը, որ տղամարդը կարող է իրեն նույնականացնել որպես կին, և կինը՝ որպես տղամարդ, համարվում է կեղծ։ Բացի այդ, հրամանով նշվում է, որ սեռերին հատկացված տարածքներից օգտվելու իրավունք պետք է տրվի միայն կենսաբանական սեռի հիման վրա։
Բոլոր դաշնային գերատեսչություններին հանձնարարվել է հեռացնել գենդերային գաղափարախոսությունը տարածող տեղեկությունները և արգելվել է պետական միջոցների օգտագործումը դրա խթանման համար։ Բացի այդ, արգելվել է պետական միջոցներով սեռափոխության բժշկական միջամտությունների իրականացումը։
ԱՄՆ նախագահը հանձնարարել է իր օրենսդրական հարցերով խորհրդականին 30 օրվա ընթացքում պատրաստել օրենքի նախագիծ, որն ամրագրում է հրամանում ներկայացված սահմանումները։
ԱՄՆ–ն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20–ին ստանձնել է իր լիազրությունները։