21 հունվարի 2025 - 17:43 AMT
Խանութներում կաթնամթերքը կներկայացվի գունավոր դարակներում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կտարանջատվի գունային դարակաշարերով:

Զեկուցողը նշել է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը, իսկ հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում և վերջինս ավելի թանկ վճարելով` գնում է ավելի էժան արտադրանք:

Արտադրողին առաջարկվում է հնարավորություն տալ կամավոր հիմունքներով կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ` արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնելու առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի և կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել։