21 հունվարի 2025 - 18:29 AMT
Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը

2024 թվականը «Մի դրամի ուժի» համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Սկսենք նրանից, որ տարեվերջին նախագծի ընդհանուր բյուջեն հատել է 200 միլիոնի սահմանը, իսկ անցած տարվա մի դրամների հանրագումարը ռեկորդային թիվ գրանցել՝ գրեթե 50 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է կրթությանը, առողջապահությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնապահպանությանն ուղղված մեր կարևոր գործերին միացած օգտատերերի քանակը։

2024-ին ֆինանսավորված ծրագրերի գերակշիռ մասը՝ 5 ծրագիր, ուղղված էր կրթությանը։ Մնացած ծրագրերը վերաբերում էին առողջապահական, սոցիալական և բնապահպանական ոլորտներին։

Շահառու 12 հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը զուգահեռ, «Մի դրամի ուժը» պարբերաբար անդրադարձել է նաև շահառու ՀԿ-ները ներկայացնող առանձին անհատների՝ արժանացնելով նրանց անհատական նվիրատվությունների:

Արված գործերի մասին․

«Մի դրամի ուժի» 2024-ին առաջին ծրագիրը՝ 3, 665, 972 դրամ բյուջեով, ուղղվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։ «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլ նաև անմիջապես շահառուներին․ հավաքված գումարից 1 միլիոնի չափով «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50,000-ական դրամ արժեքով idplus նվեր քարտ, որով հնարավոր է գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն։

Փետրվարին կուտակված 3,780,052 դրամը նվիրաբերվել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մի դրամի ուժի» մարտ ամսվա ծրագրի շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4,017,648 դրամը ՀԿ-ն ուղղել է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ապրիլ ամսվա ծրագրի շահառուն 4090 հիմնադրամն էր, որը կուտակված 3,913,063 դրամ գումարն ուղղել է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից մոտ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հավաքված գումարից 1 միլիոնը 40,000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացվել է հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։

Մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4,101․050 դրամ գումարը ՀԿ-ն ուղղեց իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։

Հունիս ամսվա ընթացքում հավաքված 4,046,161 դրամ գումարը IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ամառային կրթական ճամբարին։

Հուլիսին հավաքված 4,165,643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն էր։ Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4,135,630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի՝ արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Սեպտեմբեր ամսվա շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր, որը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4,093,527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

Հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ամբողջ գումարը՝ 4,401,021 դրամ, փոխանցվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

Նոյեմբեր ամսվա ընթացքում հավաքագրված 4,479,792 դրամն ուղղվել է Armenia Tree Project հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաև սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ «Մի դրամի ուժի» հավաքագրած ավելի քանի 4 միլիոն ՀՀ դրամի շնորհիվ տնամերձ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի և կօգտագործվի անտառապատման նպատակով։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 5,119,225 դրամ գումարը փոխանցվել է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

«Ահա այսպես, փոքրիկ քայլերով ու մի դրամներով «Մի դրամի ուժն» ապացուցում է, որ հնարավո՛ր է անել մեծ ու կարևոր գործեր՝ առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Պետք է ընդամենն ունենալ բարի գործ անելու կամք և բոլոր վճարումներն անել Idram&IDBank հավելվածով կամ ընկերությունների տերմինալներով ու առցանց հարթակներով, և հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամ և IDBank ընկերությունները «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը կփոխանցեն ամենակարող մեկ դրամները

Իսկ 2025-ը «Մի դրամի ուժի» համար լինելու է հոբելյանական։ Ուրեմն սպասեք նոր ու կարևոր ծրագրերի․․․»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։