Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, Երանոս բնակավայրի անտառամերձ տարածքում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ծովասար գյուղի երեք երիտասարդի՝ 17, 21 և 22 տարեկան։
21-ամյա վարորդը հայտնել է, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով գնել է թմրանյութ, որը վերցրել է ընկերների հետ նշված վայրից։ Սակայն, նկատելով ոստիկաններին, թմրանյութը նետել է ճանապարհին։ Այնուհետև նույն վայրում գտնելով այն՝ ներկայացրել է իրավապահներին կանեփանման զանգվածը։
Մեկ այլ օպերատիվ տվյալ իրացնելով՝ Մարտունու համայնքային ոստիկանները Ներքին Գետաշեն բնակավայրում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել 17 և 23 տարեկան երկու համագյուղացու՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ 23-ամյա վարորդը հայտնել է, որ գրպանում ունի մարիխուանայով լցված կաթուցիչ։ Նա ձերբակալվել է, և խուզարկության ընթացքում նրա գրպանում հայտնաբերվել է նշված կաթուցիչը։
Հետագա միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են թմրանյութի մատակարարման աղբյուրը։ Հրազդան քաղաքի 28-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կազմված նյութերը փոխանցվել են Մարտունու քննչական բաժին, իսկ դեպքի մանրամասները պարզվում են։