ՀՀ վարչական դատարանը վճռել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել, հայտնում է ընկերությունը։
Դատարանը քննության է առել 2015 թվականին երկու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցը, որը պահանջում էր անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից «Լիդիան Արմենիայի» տրված թույլտվությունները։ Այդ թույլտվությունները հնարավորություն էին տալիս Ընկերությանը շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը։
«Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել:
Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու, հայցը:
«Լիդիան Արմենիան», երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12․5 տոկոսը փոխանցվել է ՀՀ կառավարությանը։«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:
Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: