22 հունվարի 2025 - 12:54 AMT
Կոնջորյան․ Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից, հայտնում է Factor.am-ը։

Ավելի վաղ իշխանական Civic.am-ի հետ ճեպազրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ քննարկումների արդյունքում որոշել է կամովին հանել իր թեկնածությունը։

«Երկու պատճառ եմ տեսնում։ Եղան քննարկումներ 2 գույքային հարցի շուրջ՝ հողամասի և ընկերությունում իմ ներգարվվածության հետ կապված և ես գտնում եմ, որ այդ չվերացված, չփարատված կասկածների պայմաններում, դատավոր նշանակելը կոռեկտ չի և դա վնասելու է մեր դատարանի իմիջին և դատավորի կարգավիճակին։ Այդ ամենով հանդերձ, դա կարող է վնասաբեր լինել նաև մեր կուսակցության իմիջին և այդ պայմնաններում գտնում եմ որ իմ նշանակումը հնարավոր չէ։ Ես հանում եմ իմ թեկնածությունը և եթե այսպիսի կարգ կա, պետք է խնդրեմ, որ ԱԺ-ն չքվեարկի»,- ասել է Սիրունյանը։

Սիրունյանը նաև ընդգծել է, որ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածության հաստատումը նման պայմաններում կարող է վնաս հասցնել ոչ միայն դատարանի հեղինակությանը, այլև իր կուսակցության ընդհանուր պատկերին։

Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրվել էր ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնի համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել էր Սիրունյանի գրառումները, որոնք պարունակում էին ատելության քարոզ և հայհոյանքներ։ Սիրունյանը հրաժարվել էր մեկնաբանել իր հայտարարությունները, որոնք պարունակում էին ոչ հարիր բառապաշար և հայհոյանքներ՝ ուղղված արցախցիներին։

Սիրունյանի թեկնածության առաջադրումը հասարակական կազմակերպությունների քննադատության առարկա է դարձել։ Ըստ նրանց՝ իշխող կուսակցության ներկայացուցչի առաջադրումը չի կարող ապահովել դատական համակարգի անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից: