22 հունվարի 2025 - 13:23 AMT
Կրթության վերահսկողության ոլորտում նոր մեխանիզմներ կներդրվեն. «ԽԾԲ»-ով գործող դպրոցի տնօրենները կպատժվեն

Կրթության վերահսկողության ոլորտում նոր մեխանիզմներ կներդրվեն՝ վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման և այլ ձևերի միջոցով։ Այդ մասին Աժ–ում հայտնել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը։

Նշվել է, որ կրթության նկատմամբ վերահսկողությունը մինչ այժմ իրականացվել է օրենքով նախատեսված ստուգումների միջոցով, սակայն դրանք չեն համարվել արդյունավետ և չեն համապատասխանում ոլորտի վերահսկման պահանջներին։

Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է, որ դպրոցներում հաճախ բողոքներ են լինում կադրային քաղաքականության վերաբերյալ, երբ տնօրեններն առաջնորդվում են «խնամի-ծանոթ–բարեկամ» սկզբունքով։

Պետրոս Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ նման տվյալներ կան և այդպիսի տնօրենները կպատժվեն։

«Ցանկացած նման ահազանգի դեպքում, տեսչական մարմնի աշխատակիցը հասնելու է դեպի վայր ու տեղում իրականացնելու է ամբողջ ծավալով իր գործառույթը»,- ասել է նա։

Մարտիրոսյանը հայտնել է, որ մասնավորապես 2024 թվականին 2405 տարաբնույթ խախտումներ են հայտնաբերվել բնագավառում:

Քննարկման ժամանակ հատկապես կարեւորել են առանց նախապես ծանուցման ստուգումների անցկացումն ուսումնական հաստատություններում, ինչն ամրագրված է օրենսդրական փաթեթում: