ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքել է, թե իր ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Որևէ ծեծկռտուք չի եղել ու չի կարող լինել, հատկապես, վարչապետի ներկայությամբ»,- նշել է պատգամավորը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը։
Նա ընդգծել է, որ ՔՊ նիստի ընթացքում ինքը հանդես է եկել քննադատական խոսքերով՝ ուղղված թե՛ կուսակցության, թե՛ կառավարության որոշ անդամներին։
Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել անտառահատումների խնդրին, որոնցում, ըստ նրա, առկա են եղել օրենքի խախտումներ։
«Նկատել եմ դեպքեր, որ եղել են օրենքի խախտմամբ, դիմել եմ Քննչական կոմիտե ու ՀՀ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել, առաջիկայում հրապարակումներ կլինեն»,- ասել է Սարգսյանը՝ մանրամասնելով իր ձեռնարկած քայլերը։
Ղալումյանը ևս հերքել էր ծեծկռտուքի մասին տարածված լուրերը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստերից մեկն ավարտվել է քաշքշուկով Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև՝ Տավուշում բնապահպանական վիճակի և ապօրինի ծառահատումների թեմայով։