«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունվարի 24–ին ԱԺ հանձնաժողովում կքննարկվի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը։
«ԱԺ կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու ՀՀ ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրում է:
Օրենքը հռչակում է նախաձեռնողների և ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնեն ՀՀ ինքնիշխանության ամրակայումը, դիմադրունակությունը:
Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը:
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին: Մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը: Տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որ հնարավոր է միայն Արևմուտքի ու ԵՄ հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով»,–գրել է նա:
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։