22 հունվարի 2025 - 15:57 AMT
Գագիկ Մելքոնյան․ Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հասցեին իր քննադատությանը՝ նա ասել է, որ քննադատում է բոլոր այն անձանց, ովքեր փորձում են ոտնահարել մեր ազգային շահերը՝ առանց առնչվելու անձնական հարաբերություններին, հայտնում է Aysor.am-ը։

«Հիմա բոլորս ականատես եղանք, որ այս անգամ նորմալ հաղորդակցություն է եղել, և նրանք մեզ համարեցին որպես հավասար պետություն»,- ասել է Մելքոնյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է վերանայվեն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, պատգամավորը պատասխանել է․ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ներկայումս սառեցված են, և մենք արդեն կորցրել ենք Արցախը։ Այլ հարց կլինի, եթե ինչ-որ նոր իրավիճակ ստեղծվի, և իրենք որոշեն վերադարձնել Արցախը... դա այլ հարց է։ Ով տվել է, նա էլ կվերադարձնի»։

Լրագրողների այն հարցին, թե ո՞վ է հանձնել Արցախը, Գագիկ Մելքոնյանը պատասխանել է․ «Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»։

Ավելի վաղ, անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ Լավրովի՝ ՀԱՊԿ ուժեր տեղակայելու մասին պայմանավորվածություն է եղել, բայց հայ գործընկերները վերջին պահին դա չեղաչկել են, Մելքոնյանն ասել էր, որ «Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման»: