22 հունվարի 2025 - 16:23 AMT
Gallup. Տրանսպորտի թանկացմանը դեմ է հարցվածների մոտ 84%-ը

Gallup-ի կողմից անցկացված հարցման համաձայն հարցված երևանցիների 32․2 տոկոսը քաղաքի հիմնական խնդիր է համարում հասարակական տրանսպորտի վիճակը, իսկ մոտ 84 տոկոսը դեմ է տրանսպորտի թանկացմանը։ Արդյունքները ներկայացրել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ–ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցումն անցկացվել է հունվարի 9-14-ը։

Տրանսպորտի գնի փոփոխությանն, ըստ պատասխանների, լիովին դրական է վերաբերում հարցվածների 2․0 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 11․4 տոկոսը, ավելի բացասական՝ 15․2 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 68․7 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 2․6 տոկոսը։

«Այսինքն՝ 83․9 տոկոսը կամ մոտ 84 տոկոսը դեմ է տրանսպորտի գնի փոփոխությանը»,–ասել է Նավասարդյանը։

Հարցվածների 60 տոկոսից ավելին դժգոհել է նաև տրանսպորտի վճարման նոր համակարգերից։

Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։