Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը չպետք է գույքահարկ վճարեն։ Ըստ նրա, գույքահարկի օրենքի շրջանակներում անհրաժեշտ է նոր դրույթ ավելացնել։
«ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցներ նույնպես մնացել են այնտեղ։ Սակայն մարդիկ դեռ շարունակում են այստեղ գույքահարկ վճարել՝ բախվելով տարբեր դժվարությունների։ Իրականում, երբ մեր քաղաքացիները գույքահարկ չեն վճարում, սկսվում է դատական գործընթաց։ Երբ ապացուցվում է, որ նրանք չեն տնօրինում և չեն օգտագործում այդ փոխադրամիջոցները, գույքահարկից ազատվում են։ Բայց սա բարդ և ծավալուն գործընթաց է, որից շատերն օգտվելու հնարավորություն չունեն»,- ասել է Խաչատրյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Ներկայում ԱԺ-ում քննարկվող օրենսդրական փոփոխությունների նախագծով նախատեսվում է գույքահարկից ազատել այն սեփականատերերին, որոնց տրանսպորտային միջոցները հանցագործության հետևանքով դուրս են մնացել իրենց տիրապետումից։ Սա ուժի մեջ է մտնելու քրեական վարույթ սկսելու պահից և շարունակվելու է մինչև տրանսպորտային միջոցի վերադարձը սեփականատիրոջ տիրապետմանը։
Ըստ նախագծի՝ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի գրանցումը կասեցվելու է, և գույքահարկի գանձումը դադարեցվելու է առավելագույնը մեկ տարով։ Այս ժամկետը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով, եթե ստացվեն փաստեր, որ փոխադրամիջոցը շարունակում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս։