22 հունվարի 2025 - 17:08 AMT
ԿԳՄՍՆ-ն պահանջել է վերադարձնել Սնուփ Դոգի համերգի գումարը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նախարարությունը դիմել է հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգի գումարի վերադարձի պահանջով։

Նա նշել է, որ նախարարությունն այս պահին սպասում է կազմակերպիչների արձագանքին, հայտնում է Aysor.am-ը։

«Այդ իմաստով մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով՝ նախատեսում ենք, որ գումարի վերադարձ պետք է լինի։ Համերգը պատրաստված է, և սա որևէ մեկի դիտավորությունը չէ, բայց ստեղծված հանգամանքները բերել են այնպիսի իրավիճակի, որ 2024-ին էլ հնարավոր չի եղել համերգը կազմակերպել»,–ասել է նա։

Նախարարը հավելել է, որ կազմակերպության ջանքերը չեն հասել արդյունքի և, հետևաբար, պետք է գումարը հետ վերադարձվի։

«Կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք և ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Անդրեասյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս 2023-ի սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի:

ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1.8 մլն դոլար։

Photo. AP