Ազգային ժողովի նիստում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը 107 պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել։ Այդ մասին տեղեկացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Սիրունյանը որոշել է հանել իր թեկնածությունը։
Սիրունյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ավելի վաղ Civic.am-ի հետ ճեպազրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ քննարկումների արդյունքում որոշել է կամովին հանել իր թեկնածությունը։ Նա հաշվի է առել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ առկա որոշակի դիտարկումներ: Սիրունյանը նաև ընդգծել է, որ իր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեկնածության հաստատումը նման պայմաններում կարող է վնաս հասցնել ոչ միայն դատարանի հեղինակությանը, այլև իր կուսակցության ընդհանուր պատկերին։
Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրվել էր ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնի համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել էր Սիրունյանի գրառումները, որոնք պարունակում էին ատելության քարոզ և հայհոյանքներ։ Սիրունյանը հրաժարվել էր մեկնաբանել իր հայտարարությունները, որոնք պարունակում էին ոչ հարիր բառապաշար և հայհոյանքներ՝ ուղղված արցախցիներին։
Սիրունյանի թեկնածության առաջադրումը հասարակական կազմակերպությունների քննադատության առարկա է դարձել։ Ըստ նրանց՝ իշխող կուսակցության ներկայացուցչի առաջադրումը չի կարող ապահովել դատական համակարգի անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից: