22 հունվարի 2025 - 18:41 AMT
Փաշինյանը՝ հայտարարագրման մասին. Համակարգի նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի ամբողջացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նպատակների մասին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։

Փաշինյանը նշել է, որ համակարգն անհրաժեշտ է պետականության ամրապնդման տրամաբանության շրջանակում։

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից անցման տրամաբանության մեջ։ Համընդհանուր հայտարարագիրը այն քայլերից մեկն է, որը մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,–ասել է նա։

Նա հավելել է, որ համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի շղթայի ամբողջացումն է․ «Կոռուպցիան իրականում չի սահմանափակվում բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով»։

Վարչապետը նաև անդրադարձել է անապահովության գնահատման համակարգի խնդիրներին, որը, իր խոսքով, եղել է «ամենակոռումպացված ոլորտներից մեկը»;

«Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ։ Մենք ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում մի քանի միլիոն տասնյակ ավանդներ ունենալ և տոկոսներ ստանալ»։

Փաշինյանը եզրափակել է՝ ընդգծելով, որ կառավարությունն ուզում է միջոցները ճիշտ բաշխել՝ «ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024թ․ եկամուտները: